Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/6/2022
share

Կողեսում անմշակ հող չկա (տեսանյութ)

Իր մաքրությամբ ու կոկիկությամբ աչքի ընկնող Լոռի Բերդ խոշորացված համայնքի Կողես գյուղի վարչական տարածքում է գտնվում «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության Մղարթի ոսկու հանքավայրի պոչամբարը, որի բնապահպանական ազդեցության մասին գյուղացիները չգիտեն, պաշտոնական հետազոտություններ չկան։ Սակայն նշում են, որ վերջին տարիներին մեղվաընտանիքներն են սկսել հանգել։ Ժամանակին մեղվաբուծությունն այստեղ բավականին զարգացած էր, հիմա գրեթե բոլորը վերացել են։ Գյուղացիներն ասում են, որ չգիտեն պատճառը։
Գյուղի վարչական ղեկավարն ասում է, որ մասնագիտական եզրակացություն չկա, որ մեղուների անկման  պատճառը հանքարդյունաբերությունն է։
Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, ով նախկինում Կողեսի գյուղապետն էր, իր ղեկավարության ժամանակ հրաժարվել է Կողեսից հողատարածք հատկացնել  հանքին։ Իսկ ներկայիս պոչամբարի տարածքը նախկինում խոտհարք է եղել, որն ընկերությունը գնել է մասնավոր անձից։
Մեղվապահությունից զատ Կողեսում զբաղվում են գյուղատնտեսության այլ ճյուղերով, հիմնականում դաշտավարությամբ։ Աճեցնում են հացահատիկ, կարտոֆիլ, այլ մշակաբույսեր։ Մշակվող հողատարածքների թիվը տարեցտարի մեծանում է։ Բնակավայրն ունի 280 հա վարելահող, բոլորը մշակվում է։  Գյուղում արդեն չկա ոչ մի հեկտար անմշակ հող։  
Գյուղատնտեսության զարգացմանն ի նպաստ սուբվենցիոն ծրագրերով ձեռք են բերել գյուղատնտեսական տեխնիկա, տեղադրվել են հակակարկտային կայաններ։ Արդեն իսկ լուծվել է նաև ջրի խնդիրը։ Սուբվենցիոն ծրագրով այլ աշխատնքներ էլ են տարվում, այժմ  ներհամայնքային ճանապարհն է վերանորոգվում։
Կողեսի ամենամեծ խնդիրը ծնելիության ցածր մակարդակն է։ Գյուղն ունի 320 բնակիչ, որից դպրոցահասակ և ավելի փոքր տարիքի երեխաները փոքր թիվ են կազմում։ Գյուղի դպրոցում ընդամենը 23 աշակերտ է սովորում։ Դասարանների մեծ մասը երկկոմպլեկտ են։

cvmedia.am

 

4

facebook sharing button facebook